Դեսպան Տիգրան Մկրտչյանը Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը

Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Տիրանայում հանդիպել է Ալբանիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Իգլի Հասանիի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ալբանիայի ԱԳ նախարարը ողջունել է դեսպան Մկրտչյանին և հիշատակել միջազգային միջոցառումների շրջանակներում իր հայ գործընկերոջ հետ ունեցած շփումների մասին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել նպաստել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը։

Քննարկվել են Ալբանիայում մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի անցկացման մանրամասները։

Անդրադարձ է կատարվել Ալբանիայում փոքրաթիվ, սակայն կազմակերպված համայնքին, նշվել է, որ այն կամրջող դեր կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Հանդիպմանը մասնակցել է Ալբանիայում ՀՀ պատվո հյուպատոս Վարուժան Փիրինյանը։

Տեսանյութեր

Լրահոս