
Պակիստանում առնվազն 10 մարդ զոհվել է, 190-ը՝ փրկվել զինյալների գրաված գնացքից

Առնվազն 10 մարդ է զոհվել Պակիստանում զինյալների կողմից մարդատար գնացքը զավթելու ժամանակ։ Բացի այդ, 190 պատանդ փրկվել է, իսկ 30 զինյալ սպանվել է։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։
Այս մասին հաղորդում է Dawn պարբերականը։
Նշվում է, որ զոհվել են գնացքի մեքենավարը և անվտանգության ծառայության աշխատակիցները։ Հրատարակությունն ընդգծում է, որ զոհվածների պաշտոնական ստույգ թիվն առայժմ չեն հայտնում։ Բացի այդ, 37 մարդ է հոսպիտալացվել հակաահաբեկչական գործողության սկսվելուց հետո։
Գնացքի զավթմանը մասնակցած ծայրահեղականների ստույգ թիվը հայտնի չէ։Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակման պահին գնացքում գտնվող շուրջ 450 ուղևորներից առնվազն 155-ն ազատ են արձակվել։
Մարտի 11-ին «Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները Պակիստանում պատանդ են վերցրել Բելուջիստանի նահանգի վարչական կենտրոն Քվետա քաղաքից դեպի Խայբեր Փախտունխվայի նահանգի Փեշավար քաղաք մեկնող գնացքի շուրջ 450 ուղևորի:
Ծայրահեղականները պայթեցրել են երկաթուղային գծերը, ապա կրակ բացել գնացքի վրա։ Հարձակման ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել գնացքի անվտանգության ծառայության աշխատակիցների և զինյալների միջև:
Խմբավորումը սպառնացել է սպանել պատանդներին, եթե 48 ժամվա ընթացքում ազատ չարձակվեն բելուջ քաղբանտարկյալները, ակտիվիստները և անհետ կորածները, որոնք, զինյալների պնդմամբ, առևանգվել են Պակիստանի զինվորականների կողմից։
«Բելուջիստանի ազատագրման բանակ»-ը Պակիստանի կառավարության դեմ պայքարող մի քանի էթնիկ զինված խմբավորումներից ամենախոշորն է։ Բելուջիստանի նահանգը սահմանակցում է Աֆղանստանին և Իրանին։