
ԱՄՆ կրթության նախարարությունը գրեթե 50%-ով կրճատում է հաստիքակազմը

ԱՄՆ կրթության նախարարությունը հայտարարել է հաստիքակազմը գրեթե կիսով չափ կրճատելու մասին. պլանավորվում է վարչական արձակուրդի ուղարկել գրեթե 2000 աշխատակցի: Այս մասին ասվում է կրթության նախարար Լինդա Մաքմահոնի հայտարարության մեջ:
«Հաստիքակազմի կրճատումն արտացոլում է կրթության գերատեսչության հանձնառությունը՝ բարձրացնելու արդյունավետությունը, հաշվետվողականությունը և այն բանի ապահովումը, որ ռեսուրսներն ուղղվեն այնտեղ, որտեղ դրանք առավել կարևոր են՝ ուսանողներին, ծնողներին և ուսուցիչներին», – ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես պարզաբանվում է գերատեսչության կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ անձնակազմի թվաքանակը կազմում էր 4133 մարդ։
Կրճատումներից հետո կրթության նախարարությունում կմնա 2183 մարդ:Կրճատված աշխատակիցները վարչական արձակուրդի կուղարկվեն մարտի 21-ից։ Նրանք մինչև հունիսի 9 կստանան ամբողջական աշխատավարձ ու նպաստ։ Նաև կրճատման տակ հայտնված բոլոր աշխատակիցներին կտրամադրվեն արձակման նպաստ կամ կենսաթոշակային վճարումներ՝ կախված նրանց աշխատանքային փորձից։Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերացնել կրթության նախարարությունը։