Բաժիններ՝

Պակիստանում հաջողվել է փրկել գնացքում պատանդ պահվող 155 ուղևորի

Պակիստանի անվտանգության ուժերը փրկել են 155 ուղևորի, որոնց գնացքում պատանդ էին պահում անջատողական «Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Երկրի կառավարությունը հայտնել է, որ գործողությունն ընթացքի մեջ է, և տասնյակ մարդիկ դեռ պատանդ են պահվում։

Մարտի 11-ին զինյալները պայթեցրել էին երկաթգիծը, կրակ բացել գնացքի վրա, որը Բելուջիստանի վարչական կենտրոն Կվետտայից մեկնում էր Խայբեր Պախտունխվայի նահանգի Փեշավար քաղաք։

«Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորումը սպառնացել է սպանել պատանդներին, եթե 48 ժամվա ընթացքում ազատ չարձակվեն բելուջ քաղբանտարկյալները, ակտիվիստները և անհետ կորածները, որոնք, զինյալների պնդմամբ, առևանգվել են Պակիստանի զինվորականների կողմից։

 Ըստ որոշ աղբյուրների՝ պատանդների կողքին նստած են մահապարտի գոտի կրող զինյալներ։ Գնացքի վրա հարձակման մեջ ներգրավված զինյալների թիվը հայտնի չէ, սակայն անվտանգության ուժերը մարտի 12-ին հայտնել են, որ սպանել են արդեն 27 զինյալի։

Զինյալները հայտնել են, որ պատանդ են վերցրել 214 մարդու, իսկ անվտանգության աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է, որ հարձակման ենթարկվելու պահին գնացքում եղել է 425 ուղևոր։

«Բելուջիստանի ազատագրման բանակ»-ը Պակիստանի կառավարության դեմ պայքարող մի քանի էթնիկ զինված խմբավորումներից ամենախոշորն է։ Բելուջիստանի նահանգը սահմանակցում է Աֆղանստանին և Իրանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս