
Որևէ մեկը 2018թ. չկանգնեց ՀՀԿ-ի կողքը, փողոցին չասաց՝ էս ի՞նչ եք անում, էս ձևով պետության ճակատագիր չեն որոշում. Արտակ Զաքարյան
«Հետին թվով խելոք պետք չէ լինել։ Էն մարդիկ, ովքեր ասում էին՝ կրակեիք, սրանք չգային իշխանության, թող էն ժամանակ գային, մեր կողքը կանգնեին, ասեին՝ 3 միլիոնը սխալ է, 55-ն են ճիշտ։ 2018-ին տեղի ունեցածը մեր դեմ շարժում չէր, Հայաստանի ու մեր անվտանգության դեմ շարժում էր՝ պայմանավորված մարդկանց մերկանտիլ շահերով։ Հիմա բոլորը հասկացել են, որ սխալվել են, եկել է սխալներն ընդունելու ժամանակը։ Չեն ուզում ընդունել։ Ու դա հասկանալի է։ Ցավոք, ՀՀԿ-ն ճիշտ դուրս եկավ։ Մենք չենք ուրախանում, ու մեր քաղաքական կապիտալն այն չէ, որ մարդկանց աչքը մտցնենք՝ ասելով՝ դուք սխալ էիք։ Մենք ասում ենք՝ հետևություն արեք։ Հիշեք Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը։ Մարդն ասում էր՝ այս իրավիճակն ունի մի քանի լուծում, որոնցից ոչ մեկին ես չեմ գնա։ Այսինքն՝ ասում էր՝ կարող եմ կրակել, բայց չեմ անի։ Ինչո՞ւ… Որովհետև ամեն ինչ շուռ կգար մեր երկրի դեմ։ Հրաժարականի խոսքը Սերժ Սարգսյանն ավարտեց հետևյալ մտքով՝ ես կատարում եմ ձեր բոլորի պահանջը, որովհետև բոլորն էին պահանջում, բո-լո-րը…»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ ինքը հարգանքով է վերաբերվում բոլոր ընդդիմադիրներին ու հավատում է՝ բոլորն ունեն մեկ խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
«Անխտիր բոլոր ընդդիմադիրները պետք է ստեղծեն համագործակցային միջավայր՝ մեր ինքնության, անվտանգության դեմ կանգնած խնդիրները լուծելու համար։ Մեր ժողովուրդը շատ ավելի արագ է ճիշտ ճանապարհի որոնման աշխատանքներում, քան որոշ քաղաքական ուժեր։ Հարցեր են բարձրացվել, էդ հարցերին պետք է ոչ թե սվիններով մոտենալ, այլ աշխատել առկա խնդիրներն ի մի բերելու ուղղությամբ։ Հիմա կոլեկտիվ պատասխանատվության ժամանակն է, ու դա չի կարելի վերածել կոլեկտիվ անպատասխանատվության»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Արտակ Զաքարյան, Նիկոլ Փաշինյան, ընդդիմադիրներ, Սերժ Սարգսյան, 2018թ.