Պեկինի հայտարարությունները տպավորություն են թողնում, որ Չինաստանը պատրաստ է, այսպես ասած, սրել խաղը. Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թայվանի հարցում իրադարձությունների ընթացքն իսկապես բավականին ուշագրավ է:

Չինաստանի պաշտպանության նախարարությունը՝ դիմելով կղզուն, հայտարարել է, որ Թայվանի միավորումը Չինաստանին անխուսափելի է: Չինաստանի ՊՆ ներկայացուցչի հայտարարության մեջ նշվում է, որ հարցը այն չէ՝ կմիանա՞ Թայվանը Չինաստանին, թե՞ ոչ: Պեկինի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ չկա այդպիսի հարց, այլ կա հարց, թե երբ տեղի կունենա այդ միավորումը:

Չինաստանի ՊՆ հայտարարությունն ուղեկցվում էր այդ երկրի ԱԳ նախարար, նախագահի գլխավոր խորհրդական Վան Իի ասուլիսով, որ տեղի էր ունեցել նախօրեին եւ որի ընթացքում նա արել է մի շարք էական հայտարարություններ:

Դրանցից կառանձնացնեի Գազայի վերաբերյալ հայտարարությունը: Պեկինը հայտարարել է, որ Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամպի մոտեցումը անընդունելի է եւ այն կարող է բերել ռեգիոնալ քաոսի: Վան Ին հայտարարել է, որ մինչեւ խաղաղություն չհաստատվի Մերձավոր Արեւելքում, չի կարող խաղաղություն լինել աշխարհում: Նրա խոսքով, Մերձավոր Արեւելքում խաղաղության համար պետք է սկսի Պաղեստին պետության ձեւավորման շուրջ բանակցայյին գործընթաց:

Պեկինի այս հայտարարությունները թողնում են տպավորություն, որ Չինաստանը պատրաստ է, այսպես ասած, սրել խաղը: Պեկինն ըստ ամենայնի օգտագործում է ամերիկա-եվրոպական «տրեկում» առկա իրավիճակը, այսպես ասած, ճնշում բանեցնելու համար:

Դեռեւս ուկրաինական պատերազմի մեկնարկին՝ 2022 թվականին մի քանի անգամ առիթ եմ ունեցել պատկերը դիտարկել այն տեսանկյունից, որ հնարավոր է՝ դրա գլխավոր շահառուն այդուհանդերձ ոչ թե ԱՄՆ-ն է, կամ, այսպես ասած, գլոբալիստական բեվեռը, այլ՝ Չինաստանը:

Ավելին, ըստ իս՝ հենց այդ նկատառումով է նաեւ, որ ԱՄՆ ձգտում է կանգնեցնել պատերազմը, որովհետեւ դրանից առավելագույն շահողը իր գլխավոր մրցակիցն է՝ Չինաստանը»:

Տեսանյութեր

Լրահոս