
«Ովքեր կանգնած են Նիկոլի կողքին՝ դեմ են դուրս եկել Վազգենի գործին, ի՞նչ կապ ունի Նիկոլը Վազգենի հետ». Էդուարդ Շարմազանով
Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-ամյակն է: Այդ առիթով Հայաստանի Հանրապետական կուսակցությության անդամներն այցելել են «Եռաբլուր»՝ ծաղիկներ խոնարհելու սպարապետի շիրմին։
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց հայ ժողովրդին Վազգեն Սարգսյանի ծննդյան առիթով, այնուհետև հավելեց.
«Ինքս երջանկություն չեմ ունեցել ուղիղ շփվելու Վազգեն սպարապետի հետ, բայց պատմաբանիս մանրազնին ուսումնասիրությանն եմ ենթարկել մեծն սպարապետի գործունեությունը։ Իմ եզրակացությունն է, որ նա այն քիչ մարդկանցից էր, որ և՛ ոգեղեն հերոս էր, և՛ մտավորական էր, և՛ ռազմիկ։ Շատ քիչ է լինում, որ սուրն ու գրիչը միաբանվում է մեկ մարդու մեջ։ Սպարապետ Վազգենն այն մարդն է, որը կարողացավ միավորել սուրն ու գրիչը»։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի մեծությունը նախևառաջ հայոց անկախ պետականությանը ծառայելու, հայոց բանակի հիմնադրման, հայկական Արցախի, Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի հաղթանակը, հայկականությունը պահպանելու մեջ էր։
«Հենց դրա համար ենք մենք մեծարում Վազգեն Սարգսյանին, որը 90-ականներին շատ աշխարհաքաղաքական կամ ներքին քամիներ մի կողմ դնելով, ինքն իր ընկերների հետ, որոնց մեջ էր իր գաղափարակից լավ ընկեր Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը և շատ ու շատ մարդիկ, պայքարեցին Արցախի հայկականության համար։
Օրվա իշխանությունը կանգնում ասում է, թե 1991 թվականին Ալմա Աթայի հռչակագրով Արցախը ճանաչված էր Ադրբեջանի մաս, կամ 1994 թվականին ՀՀ իշխանությունը բանակցում էր միայն Արցախը հանձնելու մասին։ Իսկ Վազգեն Սարգսյանն ո՞վ է եղել այդ ժամանակ, նա Պաշտպանության նախարար է եղել, Պետնախարար է եղել, վարչապետ, Անվտանգության խորհրդի անդամ է եղել և տեղյակ է եղել բոլոր խնդիրներին։ Այսինքն՝ Վազգեն Սարգսյանը բանակցել կամ պաշտպանել է Ադրբեջանին Արցախի հանձնո՞ւմը։
Այսօր ովքեր կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին, կամա թե ակամա դեմ են դուրս եկել Վազգենի գործին։ Վազգենը Արցախի հայկականության, Արցախի ինքնորոշման, ազգային Հայաստանի, հայ արժեքների պաշտպանողն էր, սրանք՝ հակառակը։ Վազգենն էր ասում, որ նույնիսկ եթե ամբողջ աշխարհը լինի հոմոսեքսուալների և աղանդավորների պաշտպան, ինքը նրանց պաշտպան չի կարող լինել։ Ի՞նչ կապ ունի սպարապետ Վազգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում