Բաժիններ՝

Թրամփը համարում է, որ Ուկրաինայի հանքային պաշարների շուրջ համաձայնագիրը «մեռած չէ»

Վաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի կնքումն առաջվա նման հնարավոր է: Այդ մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։«Ոչ, ես այդպես չեմ կարծում», – պատասխանել է Թրամփը հարցին՝ արդյոք իր կարծիքով համաձայնագիրը «մեռած է»։

«Կարծում եմ, որ դա գերազանց գործարք է մեզ համար», – հավելել է նա:Թրամփը շեշտել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի որոշմամբ Վաշինգտոնը Կիևին է տրամադրել  350 միլիարդ դոլարի օգնություն։

«Եվ գիտե՞ք՝ ինչ պատահեց։ Մենք ոչինչ չստացանք։ Մենք կվերադարձնենք այդ ամենը և դեռ շատ ավելին», – վստահեցրել է ԱՄՆ նախագահը` հավելելով, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են հազվագյուտ հողային մետաղները։

Թրամփը հայտնել է, որ հիշյալ գործարքի մասին կխոսի մարտի 4-ին Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում։

Դոնալդ Թրամփին նաև հարց են ուղղել, թե ինչ պետք է անի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների վերսկսման համար։

«Կարծում եմ, որ նա պարզապես պետք է ավելի երախտապարտ լինի, քանի որ այս երկիրը աջակցել է նրանց ցանկացած իրավիճակում։ Մենք նրանք շատ ավելին ենք տվել, քան Եվրոպան: Իսկ Եվրոպան պետք է տար ավելին, քան մենք», – ընդգծել է նա։

Ըստ The Hill պարբերականի՝ 2024 ֆինանսական տարվա ընթացքում Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային 183 միլիարդ դոլարի օգնության մատակարարման, իսկ Եվրոպական Միությունը ռուս-ուկրաինական հակամարտության երեք տարիների ընթացքում Կիևին է տրամադրել 145 միլիարդ դոլարի օգնություն։

ԱՄՆ-ն և Ուկրաինան պետք է հազվագյուտ հողային մետաղների համատեղ շահագործման շուրջ համաձայնագիր կնքեին փետրվարի 28-ին, սակայն կողմերի միջև Սպիտակ տանը վիճաբանություն տեղի ունեցավ և ստորագրումը ձախողվեց։ Ուկրաինական պատվիրակությունն ստիպված էր վաղաժամ լքել Սպիտակ տունը Վաշինգտոնի վարչակազմի պահանջով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս