vbet.com կայքը Հայաստանում օրենքի խախտմամբ գործունեություն է ծավալում. Հայկ Սարգսյան

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում օրենքի խախտմամբ գործունեություն է ծավալում Vbet.com ինտերնետային կայքը, քանի որ այն գրանցված չէ երկրում:

Հայկ Սարգսյանն այս մասին ասել է ԱԺ նիստում շահումով խաղերի ոլորտի ընկերությունների հարկային բեռը բարձրացնելու նախագծի քննարկման ժամանակ, որի համահեղինակներից մեկը հենց ինքն է:

«Հայաստանում տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն միայն այն ընկերությունները, որոնք վճարում են տարեկան տուրք և լիցենզավորվում են: Ցավոք սրտի, Հայաստանում այսօր էլ գործում են 50-ից ավելի այլ միջազգային կազմակերպություններ, որոնք, որևէ հարկ ու տուրք չվճարելով Հայաստանին, ոլորտում գործունեություն են ծավալում»,-ասաց Սարգսյանը:

Նա նշեց՝ չեն կարող այնպիսի սահմանափակումներ մտցնել, որ Հայաստանում գրանցված այլ ընկերությունները փակվեն ու վերաձևակերպվեն որպես արտասահմանում գրանցված ընկերություններ ու շարունակեն իրենց գործունեությունը՝ այդպիսով որևէ հարկ չվճարելով:

«Հայաստանում օրենքի խախտմամբ գործունեություն է ծավալում Vbet.com ինտերնետային կայքը, որը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում և օրենքով Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք չունի»,- ասաց Սարգսյանը:

Նա  հղում կատարեց Շահումով խաղերի մասին օրենքին, որով արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունում հասանելի համացանցի տիրույթում:

Տեսանյութեր

Լրահոս