Այսօր Հայաստանը կանգնած է մի յուրօրինակ խաչմերուկում. օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ հղել է ուղերձ, որը ներկայացնում ենք ստորև.

«1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում` խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն՝ ապրել և արարել սեփական պետության մեջ: Այդ օրվանից ի վեր՝ 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում և զարգացումների ու առաջնահերթությունների պայմաններում, դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության կայացման ու ամրապնդման, գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև գլոբալ օրակարգի խնդիրներին համագործակցաբար դիմակայելու ջանքերի անբաժան մասը, իսկ հաճախ՝ առհավատչյան։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է մի յուրօրինակ խաչմերուկում. ժամանակային ու տարածական, գաղափարական ու արժեքային իմաստներով։ Այսօր, երբ աշխարհը և առանձին տարածաշրջաններ բախվում են բարդ և հաճախ անկանխատեսելի փորձությունների, անորոշությունների, երբ շարունակվում են ուժի միջոցով գերակայության ապահովման նկրտումները, դիվանագիտական ճակատում կանգնած մարտիկի աշխատանքն առավել, քան կենսական է։

Օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը, այդ միջավայրում տնտեսական զարգացման հնարավորությունների ապահովումը, միջազգային համագործակցության դրական օրակարգի արդյունավետ առաջ մղումը։

Առաքելության խորը գիտակցում, անմնացորդ նվիրվածություն, անսպառ եռանդ, անսասան կամք և ճկունություն, պրոֆեսիոնալիզմ. այս գործոնների արդյունավետ համադրման պարագայում է միայն հնարավոր հաջողությամբ անցնել այս ճանապարհը։

Այս խորհրդանշական օրվա կապակցությամբ շնորհավորում եմ և երախտիքս եմ հայտնում ՀՀ բոլոր դիվանագետներին անձնվեր ծառայության համար։ Վստահ եմ` միասին անպայման հաջողելու ենք։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», – ասված է ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս