Բաժիններ՝

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ թափառող շները 2 տասնյակից ավելի մայրացու ոչխար են հոշոտել

Մարտի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում, հերթական անգամ անասնապահական աշխատանքներ կատարելիս Արմավիրի մարզի 68-ամյա Աշոտ Ա.-ն մտել է անասնագոմ ու հայտնաբերել, որ գոմի ներսում և դրսում մայրացու 24-ից ավելի ոչխարների մի մասը սատկած են, մի մասն էլ՝ վիրավոր։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Աշոտ Ա.-ն, նրա կինը՝ 64-ամյա Մարինե Հ.-ն, թոշակառուներ են, ընտանիքի անդամների հետ երկար տարիներ զբաղվում են անասնապահությամբ, խնամում են խոշոր-եղջերավոր անասուններ, ոչխարներ, այդ թվում՝ մայրացու։

Տղամարդու խոսքով՝ վիրավոր կենդանիները հաստատ չեն ապրի։ Հոշոտված ոչխարների մի մասը գոմում էին, մի մասը՝ դրսում՝ տարբեր հատվածներում։

«Վստահ ենք, որ սա գելի բան չէ, թափառող 7-10 շների մասին է խոսքը։ Ինչո՞ւ ենք վստահ, որ շներն են արել, որովհետև գելը կոկորդն ու դմակն է բռնում, իսկ թափառող շներ էս մեր հատվածում էնքան շատ են, որ հարձակվում են անգամ մարդկանց վրա։ Մի քանի նմանատիպ դեպքեր են եղել ու էդ մարդիկ ընկել են բժիշկների ձեռքը ու հենց բժիշկների շնորհիվ է, որ փրկվել են, բայց դե սոված ու կատաղած շանը ոչինչ չես կարող անել։ Բազմաթիվ անգամներ դիմել ենք Էջմիածնի քաղաքապետարան ու այդ մասին գիտի նաև քաղաքապետը, սակայն այնտեղից մեզ պատասխանում են, թե «շների գործը մեր գործը չի»։ Բա հետաքրքիր է, ձեր գործի անունն ի՞նչ է։ Գոնե այս դեպքից հետո խնդիրը լուծեն։ Մենք չենք ասում՝ շներին սպանեք, մենք ուղղակի խնդրում ու պահանջում ենք, որ շներին ստերջացնեն, ինչը հաստատ որոշ չափով խնդիրը կլուծի, մինչդեռ չկա երաշխիք, որ հերթական անգամ մարդաբոյ շները չեն հարձակվի մարդկանց վրա։

Կրել ենք խոշոր չափի նյութական վնաս և մեր հույսը նաև Արմավիրի մարզպետն է, ով գուցե մեզ օգնության ձեռք մեկնի, կարողանանք էս ծանր վիճակից դուրս գանք։ Խնդրում ենք մարզպետին, որպեսզի հնարավորության սահմաններում մեզ սատար կանգնեն», – նշել է Աշոտ Ա.-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս