
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան աշխատում են Ուկրաինայի խաղաղության նոր պայմանագրի վրա

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան աշխատում են Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության նոր պայմանագրի նախագծի վրա։ Կողմերը նման որոշում են կայացրել Սպիտակ տանը Զելենսկու և Թրամփի վիճաբանությունից հետո։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը BBC-ին հայտնել է, որ պայմանագրի մշակմանը կարող են մասնակցել ևս մեկ կամ երկու երկրներ, որից հետո իրենք կներկայացնեն ծրագիրը ԱՄՆ-ին:
Սթարմերը խաղաղության երեք պարտադիր պայման է անվանել. ուժեղ Ուկրաինա, որը զինված է բոլոր ռազմական տեխնոլոգիաներով՝ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքներ և ԱՄՆ-ի մասնակցությունը այդ երաշխիքների ապահովմանը:
Սթարմերը նաև ասել է, որ հավատում Է Թրամփին, երբ նա ասում է, որ ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին ճիշտ էր նրա հետ վիճաբանության ժամանակ:
«Նա մարդ է, որը ղեկավարում է մի երկիր և որն արդեն երեք տարի պայքարում է։ Այն, ինչ տեղի է ունենում, Ռուսաստանի ակնընհայտ ագրեսիան է»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: