
Դոնալդ Թրամփը պրագմատիկ է․ սա կենդանի, մարդկային բնույթ է հաղորդում քաղաքականությանը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Красная звезда» մեդիա հոլդինգին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է, և դա կենդանի, մարդկային իմաստ է տալիս քաղաքականությանը։
«Դոնալդ Թրամփը, նա պրագմատիկ է։ Նրա կարգախոսը ողջախոհությունն է։ Դա նշանակում է (դա բոլորն են տեսնում) անցում դեպի այլ գործելակերպի: Բայց նպատակը միևնույն է «MAGA»-ն է (Make America Great Again)։ Այժմ նա նոր գլխարկ ունի. «Այն ամենը, ինչ Դ. Թրամփը խոստացավ, արեց»: Սա կենդանի, մարդկային բնույթ է հաղորդում քաղաքականությանը։ Դրա համար էլ նրա հետ հետաքրքիր է»,- ասել է Լավրովը։
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, Թրամփի թիմի անդամները՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը «միանգամայն խելամիտ մարդիկ են՝ բառիս բոլոր իմաստներով»։
«Նրանք խոսում են, ելնելով նրանից, որ չեն հրամայում մեզ, և մենք էլ նրանց չենք հրամայում։ Պարզապես, երկու լուրջ երկիր նստել են խոսելու, թե ինչն է որտեղ սխալ և ինչ է քանդել նրանց նախորդը վերջին չորս տարվա ընթացքում՝ ոչնչացնելով, առանց բացառության, շփման բոլոր ուղիները, սահմանելով մեծ քանակությամբ պատժամիջոցներ, որին հաջորդել է ամերիկյան ընկերությունների վտարումը, որոնք հարյուր միլիարդավոր դոլարների կորուստ են կրել»,- ասել է Լավրովը։