
ՌԴ-ն տեղեկատվական օպերացիա է սկսել՝ Երևանի և Բաքվի հետ Կիևի հարաբերությունները խաթարելու նպատակով. Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչություն

Ռուսաստանը «տեղեկատվական օպերացիա է սկսել՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարաբերությունները վատացնելու համար». Հայաստանում «կեղծ լուր է տարածվում Ուկրաինայի՝ Երևանի և Բաքվի միջև հակամարտություն հրահրելու փորձերի մասին»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ «հայկական տեղեկատվական դաշտում, մասնավորապես՝ թելեգրամյան ալիքներով կեղծ լուր է տարածվում այն մասին, թե Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը փորձում է Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտություն հրահրել, որպեսզի Մոսկվայի դեմ պատերազմի 2-րդ ճակատ բացվի»։
«Որպես այս տեղեկատվական հարձակման հիմք՝ օգտագործվել է կեղծ զեկույց, իբր Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունից՝ ուղղված Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Իվան Գավրիլյուկին: Փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ կոպիտ սխալներ… Բացի այդ, փաստաթուղթը չի համապատասխանում Ուկրաինայում փաստաթղթերի պաշտոնական գրանցման պահանջներին: Այս տեղեկատվական օպերացիան արշավի մի մասն է, որի նպատակն է վարկաբեկել Ուկրաինան միջազգային ասպարեզում, ինչպես նաև վատթարացնել հարաբերությունները Ուկրաինայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև», – ասվում է հայտարարության մեջ