Բաժիններ՝

Բադրա Գունբան հայտարարել է Աբխազիայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Աբխազիայի նախագահի թեկնածու Բադրա Գունբան հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին՝ վկայակոչելով իր նախընտրական շտաբին հասանելի, քվեարկության նախնական արդյունքները, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

«Նախնական արդյունքները բոլորդ գիտեք, այս դեպքում մենք հիմնվում ենք մեր նախընտրական շտաբի ունեցած նախնական քվեարկության արդյունքների վրա։ Այս արդյունքը ձեռք է բերվել այն վստահության շնորհիվ, որ մեր երկրի քաղաքացիները դրսևորել են մեր, մեր թիմի նկատմամբ, և որ ամենակարևորն է․ սա մեր ժողովրդի քվեի արդյունքն է։ Սա Աբխազիայի ժողովրդի հաղթանակը պետք է դառնա հանուն մեր երկրի ապագայի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով համախոհների առջև:

Ըստ Գունբայի, երեկ կայացած ընտրություններում նա հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։

Նրա հակառակորդը՝ ընդդիմադիր «Աբխազական ժողովրդական շարժման» առաջնորդ Ադգուր Արձինբան, ընտրությունների արդյունքների վերաբերյալ դեռ հայտարարություններ չի արել։

Աբխազիայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները կհրապարակի կիրակի տեղական ժամանակով ժամը 12:00-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գունբան հաղթել է Մոսկվայում կայացած քվեարկության ժամանակ։ Ըստ ընտրական հանձնաժողովի նախագահ Բեսլան Կոբախիայի, քվեարկությանը մասնակցած Աբխազիայի 3124 քաղաքացիներից Գունբային պաշտպանել է 1728 մարդ, Ադգուր Արձինբան ստացել է 1396 ձայն, 70 ընտրող դեմ է քվեարկել բոլորին, իսկ 12 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս