
Վարչական դատարանը մերժել է Սունդուկյանի անվան թատրոնի ներկայացուցչի միջնորդությունը. «Գոյ»-ին վերաբերող դատական գործը կշարունակվի

Հայաստանի վարչական դատարանը մերժել է «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի միջնորդությունը՝ կապված հայցվորի իրավահաջորդությամբ փոխարինման և գործի վարույթի կարճման հետ։
«Դատավոր Արմեն Ներսիսյանի որոշմամբ՝ գործի քննությունը կշարունակվի՝ վերանայելով ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 11-ի N 701-Ն որոշման իրավաչափությունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը՝ հավելելով, որ «Գոյ»-ին վերաբերող դատական գործը կշարունակվի։
Արզումանյանը խոստացել է շուտով մանրամասնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ որոշումը, թե ինչպես կզարգանա դատական գործընթացը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը «Գոյ» թատերախումբ անունով կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:
2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։