
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է սկսել Գազայում հրադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցություններ

Իսրայելցի 4 պատանդների մարմինների դիմաց մի քանի հարյուր պաղեստինցիների՝ իսրայելական բանտերից ազատ արձակումից հետո ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Գազայում հրադադարի երկրորդ փուլի շուրջ: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Գերիների և պատանդների փոխանակումը Գազայում հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի առաջին փուլի շրջանակում վերջինն էր:
Իսրայելը հայտարարել է, որ պատանդներից երեքը, որոնց մարմինները ՀԱՄԱՍ–ը փոխանցել էր, սպանվել էին գերության մեջ, իսկ չորրորդը սպանվել էր 2023–ի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը:
ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել պնդումներին, որ պատանդները սպանվել են գերության մեջ: Խմբավորումը նախկինում հերքել էր պատանդների սպանությունը և ասել, որ ոմանք մահացել են Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով: