
USAID-ի աշխատակիցները, ի նշան բողոքի, պառկել են գետնին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)՝ աշխատանքից ազատված աշխատակիցներն ու մի խումբ ակտիվիստներ յուրօրինակ բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ Կոնգրեսի գրասենյակի շենքում։ Նրանք, ի նշան USAID-ի գործունեության սահմանափակման դեմ բողոքի, պառկել են գետնին, ոստիկանությունը պառկած վիճակում բողոքողներից 20-ին բերման է ենթարկել, հայտնում է Guardian պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ USAID-ի նախկին աշխատակիցներն ու ակտիվիստները, ընդհանուր առմամբ՝ 30 հոգի, սպիտակ շապիկներով են եղել, նրանք պառկել են գետնին ու վանկարկել՝ «Կոնգրեսի ձեռքերն արյունոտ են, անահապաղ վերականգնեք USAID-ի ծրագրերը»։
Ոստիկանությունը հրահանգել է դադարեցնել ակցիան, իսկ պահանջին չենթարկվածներին բերման է ենթարկել։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո USAID-ի գործունեությունը սահմանափակվեց․ հայտարարվեց, որ USAID-ն միլիարդավոր դոլարներ է վատնել, վերանայման դրվեց նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից այլ երկրներին օգնության տրամադրման հարցը, օգնությունները սառեցվեցին։ ԱՄՆ նոր իշխանությունները USAID-ին մեղադրեցին նաև օտարերկրյա ԶԼՄ-ներին ֆինանսավորելու մեջ։