Սա հարց է, որին այսօրվա իշխանությունների տված պատասխանը ուտոպիայի կամ հեքիաթի ժանրի կանոններով է. Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Ալիևը ստորագրել է հրամանագիր «Խոջալուի ցեղասպանության հուշահամալիրի կառուցման մասին»։

Չգիտեմ՝ սա թվով որերորդն է Ադրբեջանում, բայց գիտեմ, որ մինչ այս եղածների մեջ ամենամեծը Ղուբայի ցեղասպանության հուշահամալիրն էր։

Կարելի է, իհարկե, չգրել նաև սա, առհասարակ չգրել ոչինչ, բայց պիտի հաշվի առնել, որ Ադրբեջանում կա «հայերի կողմից իրականացված ցեղասպանությունների տարատեսակ օրեր», որոնք նշվում են մեծ պետական ուշադրությամբ։ Կամ՝ եթե ավելի պատկերավոր ասենք, ամեն ամսվա 2-3 օրը ցեղասպանությունների օր է։

Սրան գումարվել են 2020 թվականի պատերազմի ժամանակ սպանվածները։ Ըստ վարչական շրջանների՝ սպանվածները բաժանվել են դպրոցների վրա, և դրանց ծնված ու սպանված օրերը դպրոցները, ըստ նշանակված գրաֆիկի, գնում են գերեզմաններ՝ դպրոցականները պարտադիր զինվորական հագուստներով։ Այսինքն, ամսվա ուղիղ կեսը դասերն անցկացվում են գերեզմաններում՝ հայրենասիրության բաց դասերի ոգով։

Հիմա այս հասարակության հետ, որին ոչ թե պատրաստում են հայության հետ խաղաղ համակեցության, այլ 2020 թվականի պատերազմի սպանվածների վրեժը լուծելու և «պատմական հայրենիքը»՝ «Արևմտյան Ադրբեջանը» (!) նվաճելու, ինչպե՞ս պիտի հարաբերվենք մենք։

Սա հարց է, որին այսօրվա իշխանությունների տված պատասխանը ուտոպիայի կամ հեքիաթի ժանրի կանոններով է։

Հետևաբար հարցը բաց է և կարիք ունի լուրջ քննարկման»։

Տեսանյութեր

Լրահոս