
«Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք». Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն՝ լրագրողին

Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը հայտարարեց, որ իշխող կուսակցությանը անդամակցելուց հետո իր մոտ միակ բանը, որ փոխվել է, քաշն է։ Ըստ թեկնածուի, արդեն 7 կիլոգրամ նիհարել է։
Նա առանց մեկնաբանության թողեց լուրը, որ Գյումրիի ՔՊ կառույցում հակասական տրամադրություններ են իր անձի շուրջ, հնարավոր է իր դեմ «տակից աշխատեն»։
«Կարող է մարդկանց ընտանիքում էլ լինի տարաձայնություն, դա չի նշանակում, թե վատ ընտանիք է», – ասաց Մինասյանը։
Արցախի մասին «Մեդիահաբի» հարցին ի պատասխան՝ նշեց, որ Արցախը պատմական հայկական տարածք է և մեղադրեց բոլորին չկռվելու մեջ։
«Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»։
Հարցին՝ բա այդքան զոհ որտեղի՞ց, որ չենք կռվել, պատասխանեց. «Ով որ կռվել է՝ զոհվել է, փառք իրենց»։