Անպարկեշտ խոսակցություններ են ունեցել. Գաբարդն աշխատանքից ազատել է ԱՄՆ հետախուզության աշխատակիցներին

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ գաղտնի տվյալների հասանելիությունից զրկվել և աշխատանքից հեռացվել են հետախուզական գործակալությունների այն աշխատակիցները, որոնք անպարկեշտ առցանց զրույցների են մասնակցել Անվտանգության ազգային գործակալության (NSA) ներքին հարթակում: Այս մասին հայտնում է «Fox News» հեռուստաալիքը։

«Fox News»-ի տվյալներով՝ հետաքննություն է սկսվել առցանց զրույցների մասին տվյալների արտահոսքից հետո. աշխատակիցները քննարկել են վիրաբուժական սեռափոխության, արհեստական սեռական օրգանների, հորմոնալ թերապիայի, պոլիամորիայի և դերանունների օգտագործման հետ կապված թեմաներ:

Ըստ «Manhattan Institute»-ի` այդ զրույցներին մասնակցել են ԱՄՆ ռազմական հետախուզության գործակալության (DIA), ԱՄՆ ռազմածովային ուժերի և NSA-ի աշխատակիցներ:

Նամակագրության հրապարակումից հետո NSA-ն հայտարարել է, որ ակտիվ հետաքննում է հնարավոր չարաշահումները:

Գաբարդը հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ հետաքննությունը նոր է սկսվում և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ հետախուզական հանրության նկատմամբ վստահությունը վերականգնելուն ուղղված ավելի լայն քաղաքականության մաս է կազմում:

Տեսանյութեր

Լրահոս