«Իշխանությունն այսօր փողոցում գցած է, որը կարող է վերցնել յուրաքանչյուր ուժ. ՀՀ իշխանությունը ծանր խաչ է, այն կրելու համար ոչ թե պետք է խնդրել ժողովրդից, այլ ժողովուրդը պիտի առաջարկի»

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե մտածում եք, որ Հայաստանի վարչապետի աթոռին բազմելու համար հերթ է, ապա դուք սխալվում եք:

Նիկոլի իշխանությունը փողոցում է: Նա մնացել է մենակ: Չեմ ուզում ասել, որ ուժային կառույցներն ամբողջությամբ իր կողմից են, որովհետև առնվազն տասնյակ մարդկանց անձամբ ճանաչում եմ ովքեր իր դեմ են, բայց ամեն դեպքում պետք է փաստենք, որ Հայաստանում Նիկոլին պահում են որոշ քանակությամբ ուժայիններ և վերջ:

Չմոռանանք նաև, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Թուրքիայի հովանավորության տակ: Եվ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2021թ. այս օրերին էր, երբ Թուրքիան ամենաբարձր մակարդակով խառնվում էր ՀՀ ներքին կյանքին ու քաղաքականությանը` սատար կանգնելով Նիկոլին:

Նրանք Թուրքիայի նախագահի մակարդակով դատապարտում էին փողոցում հավաքված մարդկանց գործողությունները, որոնք միտված էին Նիկոլին իշխանությունից հեռացնելուն:

Իշխանությունն այսօր փողոցում գցած է, որը կարող է վերցնել յուրաքանչյուր ուժ։ Հայաստանի իշխանությունը ծանր խաչ է։ Այն կրելու համար ոչ թե պետք է խնդրել ժողովրդից, այլ ժողովուրդը պիտի առաջարկի։ Քանի չեն առաջարկում, խաչին բարձրացող չկա։

Բոլորը ցանկանում են, որ Նիկոլին արագ հեռացնեն, ինչ-որ մեկը գա իշխանության, շտկի ամեն ինչ։ Բայց այդպես այլևս չի լինելու։ Ու հիմա Հայաստանի հասարակությունը պետք է առերեսվի ինքն իր հետ. ընդունի, բարձրաձայնի, որ սխալվել է ու ինքն էլ որոշի շտկել։

Եթե մտածում եք, որ Հայաստանի վարչապետի աթոռին բազմելու համար հերթ է, ապա դուք սխալվում եք: Ո՞վ կուզենա ղեկավարել մի երկիր, որի անվտանգային ամբողջ համակարգը ոչնչացված է, տնտեսությունը կոլապսի մեջ է, ամենաառողջ ու հեռանկարային սերունդը սպանված է, որն ունի 10000-ից ավելի նոր հաշմանդամ, տասնյակ հազարավոր փախստականներ, ոչնչացված պետական ինստիտուտներ ու պետական ապարատ, որ գրեթե կազմալուծված է։

Նիկոլին փոխարինողը ստիպված է լինելու աշխատել 24/7 գրաֆիկով, որովհետև պետք է զրոյից կառուցել երկիր բոլոր ոլորտներում, հանրային ստորացումն ու դեպրեսիան դանդաղ շտապելով չեզոքացնել։ Նիկոլից հետո մահապարտ պիտի լինես, որ համաձայնես նրա թողած ավերակները վերակառուցել: Արդյոք կա՞ն կարող ուժեր։ Իհարկե, կա՛ն։ Կհամաձայնե՞ն. միայն մեկ դեպքում՝ եթե ժողովուրդն ընդունի իր սխալը, շտկի այն և առաջարկի այդ առաքելությունն արժանիներին։

Իսկ մինչև այդ, Նիկոլի մղձավանջը շարունակվելու է։ Ամեն օր լինելու է ավելի վատ։ Ամեն օր բոլորս ամոթից գետինն ենք մտնելու: Սա չի դադարելու ոչ մի րոպե։ Կշարունակվի այնքան մինչև ժողովուրդը չորոշի։ Իր համար ու իր փոխարեն այլևս ոչ ոք չի գործելու։ Ժողովուրդն իր խոսքը պետք է ասի»:

Տեսանյութեր

Լրահոս