
Գերմանիայում ավարտվեց ամենաթույլ կանցլերներից մեկի՝ Օլաֆ Շոլցի կառավարումը․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Գերմանիայում ավարտվեց ամենաթույլ կանցլերներից մեկի՝ Օլաֆ Շոլցի կառավարումը:
Այսօրվա ընտրությունները Սոցիալ- դեմոկրատական կուսակցության ֆիասկոյի մասին էին. Շոլցի կուսակցությունը ամենավատ արդյունքն ունեցավ 1949-ից հետո և ապագա Բունդեսթագում չի լինելու անգամ երկրորդ կուսակցությունը:
Գերմանիայի պահպանողականները՝ ՔԴՄ-ՔՍՄ դաշինքը, մոտ 30%-ով առաջին տեղում է:
Ֆրիդրիխ Մերցը, ըստ ամենայնի, կդառնա նոր կանցլեր, սակայն Գերմանիայի արտաքին քաղաքականությունը, մեծ հաշվով, չի փոխվի:
Մերցը գլոբալ քաղաքականության ու ուկրաինական հակամարտության հարցերում մեծ տարաձայնություններ չունի հեռացող կառավարության հետ:
Մյուս կողմից, Գերմանիայի պահպանողականները միայնակ կառավարություն կազմել չեն կարող և, մեծ հավանականությամբ, կոալիցիա են կազմելու սոցիալ- դեմոկրատների, գուցե նաև՝ «Կանաչների» հետ:
Սակայն այս ընտրություններում, առանց չափազանցության, պատմական հաղթանակ տարավ ծայրահեղ աջ «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունը: Ալիսա Վայդելի կուսակցությունը շուրջ 20% հավաքեց ու դարձավ երկրի գլխավոր ընդդիմությունը:
Հաջորդ, ըստ ամենայնի՝ արտահերթ ընտրություններում, AfD-ի հաղթանակը համակարգային կուսակցությունների հանդեպ գրեթե անխուսափելի է թվում»: