Բաժիններ՝

Երևանում բացվեց Հովհաննես Բաղրամյանին նվիրված թանգարանը

Հայրենական մեծ պատերազմում տարած Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Հայաստանի վետերանների միավորման շենքում բացվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին նվիրված թանգարան:

Փետրվարի 23-ին ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի թանգարանի բացմանը նվիրված հանդիսավոր միջոցառման ներկաները նախ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի և ղարաբաղյան պատերազմների զոհերի հիշատակին:

Բացման խոսքում մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը, ներկայացնելով մարշալի մեծ ներդրումը Հայերնական մեծ պատերազմում տարած հաղթանակում և մի շարք խոշորագույն մարտական օպերացիաների կազմակերպման գործում, նշեց, որ հայ մեծանուն մարշալին նվիրված թանգարանային անկյան ստեղծումն իրենց պարտքն էր:

«Բացելով Հովհաննես Բաղրամյանի անվան մարտական փառքի թանգարանը` մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում հարյուր հազարավոր հայ մարտիկներին, որոնք ուս-ուսի մարտնչել են մյուս ժողովուրդների կողքին»,-ընդգծեց Եսայանը։

Թանգարան-կենտրոնում ներկայացված են մարշալի կյանքի տարբեր փուլերի դրվագներն արտացոլող անձնական իրեր, պարգևներ, լուսանկարներ:

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, խորհրդանշական համարելով Բաղրամյանին նվիրված թանգարան-կենտրոնի բացումը փետրվարի 23-ին, այն կարևորեց որպես հայրենասիրական նախաձեռնություն և հարգանքի տուրք ոչ միայն հայ մարշալին, այլ նաև ընդհանուր պատմությանը:

«Այս տոնը խորհրդանշում է այն, ինչը շատ դարեր շարունակ միավորել է մեր ժողովուրդներին, այդ թվում՝ 80 տարի առաջ տարած մեր դժվարագույն մեծ հաղթանակը։ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի անունը հանդիսանում է վառ օրինակ այն մարտական միասնության, եղբայրության, որն օգնել է մեզ հասնելու այս մեծ հաղթանակին: Հովհաննես Բաղրամյանի անունն արժեք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ռուսաստանի, Բելառուսի և ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար, որոնց ջանքերի շնորհիվ հասել ենք այս հաղթանակին»,-համոզմունք հայտնեց Կոպիրկինը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Մարշալի թոռը՝ Իվան Բաղրամյանը, իր ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց թանգարանի ստեղծման նախաձեռնողներին:

«Հիմա կարելի է արդեն համարձակորեն ասել, որ նաև Երևանում կա Բաղրամյանին նվիրված թանգարան: Մեր ընտանիքում միշտ նշվել են Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը և փետրվարի 23-ը՝ որպես Հայրենյաց պաշտպանի օրը: Այժմ կավելանա նաև Երևանում մարշալ Բաղրամյանի թանգարանի բացման օրը»,-ասաց Իվան Բաղրամյանը:

Մարշալի թոռը թանգարանին նվիրեց պապի մասին իր հիշողությունների վերջին հրատարակությունը և նրա անձնական ժամացույցը:

Նորաբաց թանգարանում մարշալ Հովհաններս Բաղրամյանի լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնող «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը հպարտ է, որ գործակալությունն այս կարևոր միջոցառման մասն է կազմում:

«Մարշալ Հովհաննես Բաղրամյանի վաստակի և ավանդի մասին արդեն խոսվեց և անվերջ կարելի է խոսել, սակայն ես ցանկանում եմ ասել, որ այսօր ցուցադրված լուսանկարներում, որոնցից շատերը «Արմենպրես»-ի ֆոտոարխիվից հանվել և թվայնացվել ու այս առիթով ցուցադրվում են առաջին անգամ, պատկերում են Հովհաննես Բաղրամյան հային և հայրենասերին։ «Արմենպրես»-ն արդեն 106 տարեկան է, Հայաստանի առաջին Հանրապետության տարեկիցն ու պատմության վավերագրողը, և Մեծ հաղթանակը բոլորիս պատմության ու ժառանգության մասն է։ Այսօրվա ցուցադրությունը Հաղթանակի 80-ամյակին նվիրված մեր ձեռնարկների սկիզբն է միայն»,-շեշտեց Նազարյանը:

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նույնպես կարևորեց Հովհաննես Բաղրամյանի թանգարանի բացման նշանակությունը:

«Կարմիր բանակի շարքերում Հայաստանի 300 հազար մարդ է մարտնչել Հայրենական մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում, որոնցից ցավոք, 100 հազարը չվերադարձավ: Այդ թիվը մեծ է հայ ժողովրդի համար, բնականաբար պատերազմը չի շրջանցել գործնականում ոչ մեկին, ով այն ժամանակ ապրում էր Հայաստանում»,-ասաց Հովհաննիսյանը՝ պատրաստակամություն հայտնելով Վետերանների միության հետ համագործակցությունը շարունակելու գործում:

Միջոցառումն ամփոփվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» և Վետերանների միության մեդալներով ու պատվոգրերով պարգևատրման արարողությամբ:

Ներկա էին նաև պաշտոնատար այլ անձինք, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսին ներկայացված է 20-ից ավելի արխիվային լուսանկար, ցուցադրությունը կլինի մեկ շաբաթ՝ Վետերանների միությունում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս