Հռչակագրի հարցն Իլհամ Ալիևի առաջ քաշած հարցն է, քանի դեռ նա ՀՀ քաղաքացիություն չունի, այն քննարկման ենթակա չէ. Իոաննիսյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին. Tert.am

Ընտրություններից առաջ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի սպասել պետք չէ, հաստատ հանրաքվե ընտրություններից առաջ չի լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:

«Ընտրություններից հետո կամ առհասարակ երբևէ կլինի, թե չի լինի, ես նույնիսկ կդժավարանամ ասել, որովհետև այս իշխանությունները շատ ռեֆորմներ են մտահաղացել, բայց այդպես էլ տեղ չեն հասցրել»,- ասաց նա:

Հարցին՝ Հանձնաժողովում երբևէ քննարկվել է Անկախության հռչակագրի տեքստի դուրս բերման հարց Սահմանադրությունից, Իոաննիսյանն ասաց. «Քննարկման ենթակա են միայն այն հարցերը, որոնք ՀՀ քաղաքացիներն են առաջ քաշում: Հռչակագրի հարցն Իլհամ Ալիևի առաջ քաշած հարցն է, քանի դեռ Իլհամ Ալիևը ՀՀ քաղաքացիություն չունի, այն քննարկման ենթակա չէ»,- ասաց նա:

Նա նշեց, որ շատ փոփոխություններ պետք է արվեն Սահմանադրության մեջ, իսկ հիմնական խնդիրը վերաբերում է իշխանությունների տարանջատմանը: Իոաննիսյանը կարևորեց նաև, որ ընդդիմությունը վերահսկողական ֆունկցիաներ ունենա, անկախ մարմիններն էլ էապես անկախ լինեն:

Հարցին՝ արդյո՞ք Էդմոն Մարուքյանը հանձնաժողովի անդամ է դեռ, քանի որ նա հայտարարել է «Ոչ»-ի շտաբ ստեղծելու մասին, Իոաննիսյանն ասաց, որ այո, Էդմոն Մարուքյանը դեռ հանձնաժողովի անդամ է և որ վերջին անգամ մասնակցել է հանձնաժողովի քննարկումներին:

«Սա շատ էպիկ է, կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը պետք է դուրս գա հանձնաժողովից, որովհետև աշխատում է բովանդակության վրա, միևնույն ժամանակ հայտարարել է որ ինչպիսին էլ լինի բովանդակությունը, դեմ է լինելու»,- նշեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ վերջին մեկ տարում հանձնաժողովի հանդիպումներն ու քննարկումները հաճախ չեն լինում, բայց նոր նախարարի աշխատանքը կինտենսիվանա:

Նա նաև նշեց, որ Հանձնաժողովում քննարկվել է նաև կառավարման ձևի փոփոխման հարց, բայց որոշվել է, որ կմնա նույնը՝ խորհրդարանական կառավարման ձևը:

Նշենք, որ երեկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն, անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին, նշել է. «Այժմ մեր խնդիրը ոչ թե Սահմանադրության նոր հայեցակարգի, այլ Սահմանադրության նոր տեքստի մշակումն է, և այս պահին այդ ուղղությամբ աշխատանքներ են արվում։ Սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները»:

Նախարարի խոսքով՝ իրենք բազմաթիվ քննարկումներ են նախատեսում իրականացնել քաղաքացիական հսարակության հետ, կա հանձնաժողով, որն ունի կոնկրետ անդամներ և կան քաղհասարակության այլ ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս