«Հայկական մաֆիայի» անդամները Իսպանիայում փորձել են գումար գողանալ «ռուսական մաֆիայից»

Իսպանիայում իրավապահ մարմինները հայտնել են, որ «հայկական մաֆիայի» անդամները փորձել են գումար գողանալ «ռուսական մաֆիայից», սակայն ուժայիններին հաջողվել է վերացնել «ռուսական մաֆիայի» ցանցը, որը փողեր էր լվանում հանցավոր խմբավորումների համար:

Ըստ իրավապահների՝ ձերբակալվել է 14 մարդ, որոնք ամսական մի քանի միլիոն եվրո գումարի փողերի լվացման ծառայություններ են մատուցել ալբանական, սերբական, հայկական, չինական, ուկրաինական, կոլումբիական հանցավոր կազմակերպություններին` նրանցից գանձելով 2-3 տոկոս: Այս կազմակերպության հաճախորդներ են եղել Իսպանիայում գործող հիմնական հանցավոր կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում` սերբական և ալբանական կարտելները, հայկական մաֆիան, ինչպես նաև ուկրաինական, կոլումբիական և չինական կազմակերպությունները:

Այս խմբերը բացահայտված կազմակերպության միջոցով իրենց կապիտալը տեղափոխում էին ամբողջ աշխարհով մեկ։

Իսպանիայում այդ խումբը ցրված է եղել տարբեր քաղաքների գրասենյակներում կամ կենտրոնակայաններում, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարել է «գանձապահը», որն օրական մինչև 300.000 եվրո գումար է կանխիկացրել։

Կազմակերպության անդամները անվտանգության միջոցառումներից ելնելով, մի քանի ամիսը մեկ փոխում էին տներն ու մեքենաները։ «Գանձապահները» իրենց հերթին ժամանակ առ ժամանակ փոխում էին քաղաքները` նոր աշխատակիցներին սովորեցնելով՝ ինչպես առաքել և ստանալ գումարը։

Նրանք ունեցել են կոդավորված բջջային հեռախոսներ, որոնք աշխատում էին նույն ցանցում և մասնակիցներից որևէ մեկի ձերբակալության դեպքում միաժամանակ արգելափակվում էին։

Քննիչներն իմացել են այդ ցանցի և հայկական մեկ այլ մաֆիոզ կազմակերպության միջև ծագած կոնֆլիկտի մասին. հայկական կազմակերպությունը փորձել էր «մրցակցից» ավելի քան կես միլիոն եվրո կողոպտել: Փորձը կանխվել էր նրանց կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումների շնորհիվ։

Կողոպուտի այս փորձը հանգեցրել է երկու կազմակերպությունների միջև հակամարտության, որի արդյունքում Իսպանիայում հանդիպում է կազմակերպվել Ռուսաստանի և Հայաստանի քրեական առաջնորդների մասնակցությամբ` վեճը հարթելու և հետագա սրացումը կանխելու համար:

Տեսանյութեր

Լրահոս