Բաժիններ՝

Զելենսկին արձագանքել է իր 4% վարկանիշի վերաբերյալ Թրամփի «ապատեղեկատվությանը»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղեկությունները, թե իրեն վստահում է ժողովրդի 4%-ը, ապատեղեկատվություն են և գալիս են Ռուսաստանից։ Այս մասին Զելենսկին հայտարարել է մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության և իր ցածր վարկանիշի մասին։

Զելենսկին հայտարարել է, որ սովորաբար չի մեկնաբանում ժողովրդի շրջանում վստահության վարկանիշի մասին տվյալները, սակայն հիշեցրել է, որ Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի վերջին հարցումը ցույց է տվել, որ ուկրաինացիների 57%-ը վստահում է իրեն։

«Եթե ինչ-որ մեկն ուզում է ինձ փոխարինել հենց հիմա, ապա դա չի ստացվի։ Քանի որ մենք խոսում ենք տոկոսների մասին, մենք տեսնում ենք շատ ապատեղեկատվություն, և դա գալիս է Ռուսաստանից։ Մենք սա հասկանում ենք և ունենք ապացույցներ, որ այս թվերը քննարկվում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև։ Ցավոք սրտի, նախագահ Թրամփը, որին մենք մեծապես հարգում ենք որպես մի ժողովրդի՝ ամերիկացի ժողովրդի ղեկավար, որի հանդեպ մեծ հարգանք ենք տածում, ապրում է այս ապատեղեկատվական դաշտում», – ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ ներկայումս իր թիվ մեկ խնդիրը վստահության վարկանիշը չէ, այլ այն, թե ինչպես կարող է Ուկրաինան պաշտպանվել ռուսական գնդակոծությունից և վերադարձնել ռազմագերիներին։

Մամուլի ասուլիսում Զելենսկին հայտարարել է նաև, որ Թրամփի վարչակազմը «մեղմում է իր քաղաքականությունը» Ռուսաստանի նկատմամբ, քանի որ պատերազմն անվանում է «տարածքային ամբողջականության խախտում և հակամարտություն»։ Այս առնչությամբ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան «ամեն ինչ անում է», որպեսզի պատերազմը կոչվի պատերազմ։

Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ գտնվում է մի իրավիճակում, «որտեղ չունի անվտանգության երաշխիքներ» և ցանկանում է այս տարի անվտանգության երաշխիքներ ստանալ, որպեսզի «այս տարի պատերազմն ավարտվի»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ին մամուլի ասուլիսում հայտարարել էր Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության և Վոլոդիմիր Զելենսկիի ցածր վարկանիշի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս