Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն անհնար է նաև իրավական արգելքի պատճառով. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն անհնար է նաև իրավական արգելքի պատճառով:

ՀՀ կառավարության ղեկավարն այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը և սխալ մեկնաբանելով Կառավարության լիազորությունները: Նա չունի այդ գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների համար քաղաքական ճնշում գործադրելու իրավասություն:

Դա հակասում է ՀՀ անվտանգությանն ու պետական մյուս շահերին, ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները: Այդ գանգատներից հրաժարվելը Հայաստանի Հանրապետությունը դնում է պատասխանատվության տակ սեփական քաղաքացիներին իրենց իրավունքների զանգվածային խախտումների համար պաշտպանությունից զրկելու, այդ պաշտպանությունից հրաժարվելու և հետագայում պաշտպանության խոչընդոտներ ստեղծելու համար, մաքրում է ադրբեջանական հանցանքները:

Ուստի, գանգատներից հրաժարվելը չի կարելի «հիմնավորել»` Կառավարության ինչ-որ առանձին, «մեկուսացած» լիազորության վրա հղում անելով: Սա այդ դեպքը չէ:

Ընդ որում, միջազգային դատարանում միջպետական գանգատ ներկայացնելն ինքնին չի ենթադրում դրանցից հրաժարվելու Վարչապետի կամ Կառավարության բացարձակ հայեցողություն: Հրաժարվելն ունի բոլորովին այլ իրավական ռեժիմ արդեն իսկ նախաձեռնված կամ ընթացող միջագային դատական գործընթացի պայմաններում:

Այն, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ՀՀ վարչապետի աշխակազմի կառուցվածքային միավոր է, ոչինչ չի նշանակում: Կոպիտ սխալ էր այդ միավորը Վարչապետի աշխատակազմի մաս դարձնելը հատկապես գործող Կառավարության պարագայում, որի համար քաղաքական շահերը գերակա են պետական շահերի նկատմամբ:

Նշվածից բացի, ՔՊ ղեկավարն իր հայտարարություններով ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ այլ գործերով նման բաներ տեղի են ունեցել:

Օրինակ` ինքը կամ իր քաղաքական թիմակիցների մի մասը մինչև իշխանության գալը Եվրոպական դատարան են ներկայացրել գանգատներ ու հիմա քաղաքական ճնշում օգտագործելով` ստիպել են հրաժարվել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներից հանուն իրենց «հաղթանակի»»:

Տեսանյութեր

Լրահոս