
Չինաստանը մտադիր չէ քննարկել Ուկրաինա խաղաղապահ զորակազմ ուղարկելու հարցը

Չինաստանը մտադիր չէ քննարկել իր խաղաղապահ զորակազմն Ուկրաինա ուղարկելու հարցը՝ վերահսկելու խաղաղության համաձայնագրի կատարումը։ Ինչպես փոխանցում է The Moscow Times-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
Ըստ նրա՝ Չինաստանը մշտապես կողմ է եղել ռուս-ուկրաինական հակամարտության լուծմանը՝ երկխոսության և բանակցությունների միջոցով։
«Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ Չինաստանի առաջարկները եղել են օբյեկտիվ, արդար, ռացիոնալ և պրագմատիկ։ Ողջունում ենք Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների սկիզբը, Չինաստանն ակնկալում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը ժամանակին կմասնակցեն խաղաղության երկխոսությանը»,- ասել է Գուո Ցզյակունը։
Ինչպես հայտնել է The Economist-ը, Թրամփի վարչակազմն առաջարկել է Ուկրաինայում հրադադարի գծի երկայնքով խաղաղապահ զորախումբ տեղակայել Չինաստանից և Բրազիլիայից՝ ԵՄ երկրների զինվորականների հետ միասին։