![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրոպան նախատեսում է Ուկրաինային 700 միլիարդ եվրոյի աննախադեպ ռազմական փաթեթ տրամադրել. Berliner Zeitung
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/MixCollage-18-Feb-2025-07-00-PM-8084.jpg)
Եվրամիությունն աշխատում է մի քանի հարյուր միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական փաթեթի վրա՝ Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Berliner Zeitung-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ակնարկել է, որ առաջիկա փաթեթը կարող է կազմել մոտ 700 միլիարդ եվրո:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՄ առաջնորդները գիտակցում են ծրագրի զգայունությունը, ուստի ծախսերի մասին նախաձեռնությունը կհայտարարվի միայն փետրվարի 23-ին Գերմանիայի տարածաշրջանային ընտրություններից հետո՝ քվեարկությունից առաջ հակասություններից խուսափելու համար:
Բերբոքն ընդգծել է, որ Եվրոպայի միասնությունը նրա ամենամեծ ուժն է։
«Որպես եվրոպացիներ և որպես գերմանացիներ՝ մենք ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին՝ ռազմական, մարդասիրական և ֆինանսական առումներով։ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո մենք՝ եվրոպացիներս, ավելի քան 140,16 միլիարդ դոլարի (134 միլիարդ եվրոյի) օգնություն ենք տրամադրել Ուկրաինային, ընդ որում միայն Գերմանիան հատկացրել է մոտ 46 միլիարդ դոլար (44 միլիարդ եվրո)», – նշել է նա:
«Մենք կգործարկենք մեծ փաթեթ, որի նմանը նախկինում չենք տեսել», – ասել է Բերբոքը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Bloomberg-ին տված հարցազրույցում, սակայն հստակ գումար նա չի նշել:
«Ինչպես մենք ունեինք ֆինանսական փաթեթ եվրոյի ճգնաժամի կամ COVID-19-ի համար, հիմա գոյություն ունի ֆինանսական փաթեթ եվրոպական անվտանգության համար: Սա կլինի մոտ ապագայում», – նշել է նա։
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ փաթեթն առաջնահերթություն կտա զինվորական վերապատրաստմանը, սպառազինության մատակարարումներին և կկենտրոնանա Ուկրաինային եվրոպական գործընկերների կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքների վրա։