Արաղչին հայտարարել է «եվրոպական եռյակի» հետ բանակցությունները շարունակելու Իրանի պատրաստակամության մասին

Իրանը պատրաստակամ է շարունակել բանակցությունները եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ, սակայն չի ընդունում սպառնալիքների ու ճնշումների լեզուն։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մասկատում Հնդկական օվկիանոսի 8-րդ համաժողովի շրջանակներում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Շվեյցարիայի հատուկ ներկայացուցիչ Վոլֆգանգ Ամադեուս Բրյուլհարթի հետ հանդիպման ժամանակ։

Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի արտգործնախարարը նաև վստահություն է հայտնել, որ երկրի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվելու է։Հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարարը, մատնանշելով երկու երկրների երկկողմ և բազմակողմ հարաբերությունների երկար ու դրական պատմությունը, ընդգծել է Շվեյցարիայի կառուցողական դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

Ողջունելով Թեհրանում երկու երկրների առաջիկա քաղաքական խորհրդակցությունները՝ Արաղչին ընդգծել է երկխոսության շարունակման և երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Իր հերթին Շվեյցարիայի հատուկ ներկայացուցիչը, հանդիպմանը զեկույց ներկայացնելով գլոբալ խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված իր երկրի ջանքերի մասին, մասնավորապես շեշտել է Իրանի կարևոր և նշանակալի դերը տարածաշրջանում։ Նա ընդգծել է երկկողմ և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ Իրանի հետ բանակցությունների շարունակման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու երկկողմ խորհրդակցություններն ու երկխոսությունները, այդ թվում՝ Թեհրանում երկու երկրների միջև խորհրդակցությունների առաջիկա փուլի ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս