
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել դատավորի հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Աբրահամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայտարարել ընդմիջում, որից հետո Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը դատավորների կազմի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։
Մեղադրող դատախազներ Վուսալ Ալիևը և Ֆուադ Մուսաևը, որոնք պաշտպանում են պետական մեղադրանքը, միջնորդության վերաբերյալ նշել են, որ նախորդ դատական նիստում նույնաբովանդակ միջնորդություն է քննարկվել և համապատասխան որոշում է կայացվել և խնդրել են մերժել միջնորդությունը։
Այսօրվա նիստին շարունակվել է մեղադրական եզրակացության ընթերցումը։
Նիստը նախագահող դատավորը Ռուբեն Վարդանյանին հարցրել է՝ արդյո՞ք իրեն մեղավոր համարում է։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին։