
Ղազախստանը նավթ կմատակարարի Հունգարիային

Ղազախստանը Հունգարիա նավթի փորձնական մատակարարումներ կիրականացնի 2025 թվականին։ Դրա մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալմասադամ Սատկալիևի և Աստանա ժամանած Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում են ղազախստանյան գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նրա տեղեկություններով՝ նախարարների բանակցությունների ընթացքում բարձրացվել են «Դրուժբա» խողովակաշարով ղազախական նավթի Հունգարիա մատակարարման հարցերը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ տարվա ընթացքում փորձնական մատակարարումների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների էներգետիկայի ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Казмунайгаз»-ի և MOL Group-ի միջև նավթագազային ոլորտում համագործակցության հարցերին, ասված է հաղորդագրությունում։
Կողմերը նշել են նաև «Ռոժկովսկոյե» գազային կոնդենսատային հանքավայրի արդյունավետ շահագործման կարևորությունը, որին մասնակցում են երկու ընկերությունները։