
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին

Այսօր՝ փետրվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդաշատ գյուղի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Քերական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդու դի՝ պարանով կախված վիճակում:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։