
Զելենսկին վաղը Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը՝ փետրվարի 18-ին, կայցելի Թուրքիա, որտեղ կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը, գրում է թուրքական Hurriyet-ը։
Ինչպես նշել է Ալթունը, ուկրաինական պետության ղեկավարը Թուրքիա կայցելի Էրդողանի հրավերով։
Նա մանրամասնել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության բոլոր ասպեկտները և կքննարկվեն քայլեր, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար։
Ըստ Ալթունի՝ Զելենսկին և Էրդողանը միաժամանակ մտքեր կփոխանակեն Ուկրաինայի վերջին իրադարձությունների և տարածաշրջանային և գլոբալ այլ հարցերի շուրջ։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ կայցելի Թուրքիա։ Դրանից հետո նա նախատեսում է մեկնել Սաուդյան Արաբիա։