Այո՛, իմ համակիրների մի մասը չի ընդունում Սերժ Սարգսյանին, նրա համակիրների մի մասը՝ ինձ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական դադարից հետո ասուլիս է հրավիրել: Լրագրողները հարց ուղղեցին իր համակիրների և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմի անդամների միջև պարբերաբար տեղի ունեցող հեռավար լեզվակռիվների մասին։

«Ես կուսակցություն չունեմ, և իմ համակիրները իսկապես իմ համակիրներն են, ոչ թե համակուսակիցները։ Ես ընդունում եմ, որ իմ համակիրների մեջ կա զանգված, ինչ-որ քանակի մարդիկ, որոնք չեն ընդունում երրորդ նախագահին։ Նմանապես երրորդ նախագահի համակիրների կամ կուսակիցների մեջ կան մարդիկ, որոնք ինձ չեն ընդունում։ Մտածել, որ մենք բոլորի վրա կարող ենք վերահսկողություն սահմանել՝ մեկը գրի, մեկը՝ չգրի, չկա այդպիսի բան։ Մենք, օրինակ, մեր մասով փորձում ենք ինչ-որ բան զսպել»,- ասաց Քոչարյանը։

Իսկ հարցին, թե ինչո՞ւ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները չեն միացնում իրենց ուժերը, Քոչարյանը պատասխանեց. «Ուժերը միացնելը երբեք ինքնանպատակ չի լինում։ Ուժերը միացնելը ի՞նչ նպատակ է հետապնդում, փորձենք տրամաբանել։

Ուժերը միացնում են այն ժամանակ, երբ սիներգիայի էֆեկտ է ստացվում, օրինակ, 5+5-ը դառնում է 12, 14, իսկ եթե 5+5-ը դառնում է 7, ուժերը չեն միացնում։ Հիմա մեզ մոտ պատկերն այնպիսին է, որ այդ սիներգիան չի աշխատում։

Կարդացեք նաև

Եթե մենք փորձենք միասին ինչ-որ բաներ անել, իմ համակիրների մի մասը, որը չի ընդունում երրորդ նախագահին, պասիվանալու է, հիասթափվելու ու հեռանա։ Նման պատկեր ունենալու են նաև երրորդ նախագահի թիմում։ Հիմա դուք ինչո՞ւ եք անպայման ուզում, որ մենք կատարենք իռացիոնալ քայլ, որի արդյունքը կասկածելի է։ Հասարակությունը կարող է էմոցիոնալ ընկալում ունենալ այս վիճակի նկատմամբ, ես ունեմ ռացիոնալ ընկալում այս վիճակի և բոլոր վիճակների նկատմամբ: Ավելի պարզ բացատրություն ոնց հորինեմ»:

Տեսանյութեր

Լրահոս