
AfD-ից Գերմանիայի կանցլերի թեկնածուն հանդես եկել Ռուսաստանի հետ «շատ լավ» հարաբերությունների հաստատման օգտին

«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջ արմատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ալիս Վայդելը Bild-ին տված հարցազրույցում հանդես է եկել Ռուսաստանի հետ «շատ լավ» հարաբերություններ հաստատելու օգտին:
«Մենք ցանկանում ենք շատ լավ հարաբերություններ ունենալ մեր եվրոպական հարևանների հետ։ Բայց ցանկանում ենք նաև նույնպիսի հարաբերություններ ունենալ մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Ընդամենը երկու տարի առաջ «Հյուսիսային հոսք»-ով Ռուսաստանից էժան բնական գազ էինք ստանում։ Մենք ցանկանում ենք վերջ տալ պատժամիջոցների քաղաքականությանը, որն առաջին հերթին վնասում է մեր երկրին։ Մենք ունենք էներգակիրների ամենաբարձր գներն աշխարհում։ Մենք այլևս մրցունակ չենք», – հայտարարել է 46-ամյա Վայդելը:
Ի պատասխան զրուցավարի այն դիտողությանը, թե AfD-ից կանցլերի թեկնածուն չի քննադատում Ռուսաստանին, Վայդելն ասել է. «Դոնալդ Թրամփը նույնպես դա չի անում։ Մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ։ Ես դա լուրջ քաղաքականություն եմ համարում»։ Քաղաքական գործիչը նաև հանդես է եկել Չինաստանի և ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հասնելու օգտին՝ որպես Գերմանիայի «խոշոր և նախկինի պես կարևորագույն առևտրային գործընկերների»:
Հունվարի 11-ին սաքսոնական Ռիզա քաղաքում կուսակցության նախընտրական համագումարում ելույթ ունենալիս Վայդելը խոստացել է, որ եթե AfD-ին հաջողվի իշխանության գալ փետրվարի 23-ին Բունդեսթագի արտահերթ ընտրությունների արդյունքում, «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքը կվերսկսվի, գրում է Deutsche Welle-ն։