
Նեթանյահուն «դժոխքի դարպասներով» է սպառնացել ՀԱՄԱՍ-ին, եթե բոլոր իսրայելցի պատանդներն ազատ չարձակեն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գազայի հատվածում պահվող ևս երեք պատանդի ազատ արձակման հարցում ցուցաբերած օգնության համար, գրում է Times of Israel-ը։
Նա նաև ասել է, որ շնորհակալություն է հայտնել Ռուբիոյին Ամերիկայի «անվերապահ աջակցության համար Գազայի հատվածում Իսրայելի քաղաքականությունն առաջ տանելու համար»:
Ըստ Նեթանյահուի, ինքը և Թրամփը Գազայի հարցում «աշխատում են լիակատար համագործակցությամբ և լիարժեք համակարգմամբ»:
«Մենք ունենք ընդհանուր ռազմավարություն, և մենք միշտ չէ, որ կարող ենք այդ ռազմավարության մանրամասներն ասել հանրությանը, այդ թվում այն մասին, թե երբ կբացվեն դժոխքի դարպասները, իսկ դրանք, անշուշտ, կբացվեն, եթե մեր բոլոր պատանդները մինչև վերջինն ազատ չարձակվեն», – ասել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իսրայելը կհասնի իր ռազմական նպատակներին՝ կտապալի ՀԱՄԱՍ-ը, կվերադարձնի բոլոր պատանդներին և «ամեն ինչ կանի, որպեսզի Գազան ապագայում վտանգ չներկայացնի Իսրայելի համար»:
Նա հավելել է, որ Ամերիկայի «անվերապահ աջակցությունը» կօգնի Իսրայելին ավելի արագ հասնել այդ նպատակներին։