
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր հեռուստաալիքը փակման եզրին է

Վրացական ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը դադարեցրել է լուրերի հեռարձակումը ֆինանսական ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով հեռուստաալիքին:
Ավելի վաղ «Մթավարի արխիի» տնօրեն Գեորգի Գաբունիան հայտարարել էր, որ հեռուստաալիքի համահիմնադիր Զազա Օկուաշվիլին տնօրեններից մեկի՝ Գոգի Քուրդաձեի միջոցով արգելափակում է ֆինանսական գործարքները և հրաժարվում է ընկերության համար կարևոր գովազդային պայմանագրերի ձևակերպումից, ինչը վկայում է ԶԼՄ-ն փակելու նրա ձգտման մասին:
««Մթավարի արխիի» համահիմնադիր Զազա Օկուաշվիլիի կողմից արհեստականորեն հրահրված ֆինանսական ճգնաժամը մեզ ստիպեց դադարեցնել բոլոր ուղիղ հեռարձակումները․․․ այս փուլում մենք այլևս միջոցներ չունենք ամենօրյա գործողությունների համար»,-ասվում է ԶԼՄ-ի հայտարարության մեջ:
Դադարեցվում է նաև լրատվական հաղորդումների հեռարձակումը։ Այս փուլում հեռուստատեսությունը ցուցադրում է միայն նախապես ձայնագրված շոուներ։
«Մենք աշխատում ենք եթերը վերականգնելու միջոցներ գտնելու ուղղությամբ»,-ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Օկրուաշվիլին առայժմ չի մեկնաբանել իրավիճակը, սակայն ավելի վաղ նա հեռուստաալիքի ղեկավարությանը մեղադրել էր «Մթավարի արխին» միջազգային մակարդակով միլիոնավոր դոլարների լվացման մեքենայի վերածելու» մեջ:
Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքը 2019 թվականին հիմնադրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին զինակից, ներկայում՝ ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիան: 2024 թվականին Գվարամիան հրաժարվեց հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնից, երբ որոշեց զբաղվել քաղաքականությամբ։
Վրաստանում բոլոր հեռուստաալիքները, բացի Վրաստանի հանրային հեռարձակողից, մասնավոր սեփականատերերի ձեռքում են, հենց նրանք էլ որոշում են դրանց քաղաքականությունը։