![](/banners/BeFunky-design.jpg)
Պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին հանձնարարել է անձնակազմի կրճատման պլանավորում սկսել. ABC News
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/AMN.gif)
Պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին հանձնարարել է չորեքշաբթի օրվանից սկսել անձնակազմի կրճատման պլանավորումը, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաներին գործընթացի շրջանակում խնդրել են տրամադրել ամբողջ անձնակազմի համապարփակ ցուցակները և նրանց զբաղվածության կարգավիճակը, հայտնել են աղբյուրները՝ պարզաբանելով, որ հարցումը ներառում է լրիվ դրույքով, կես դրույքով և ժամանակավոր նշանակումները: Դեսպանատներից կպահանջվի կրճատել ինչպես ամերիկյան անձնակազմին, այնպես էլ տեղակայման երկրից դեսպանատան վարձած աշխատակիցներին, հավելել են աղբյուրները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի կեսօրին գործադիր հրաման է ստորագրել, որը Պետքարտուղարության աշխատակիցներից պահանջում է կատարել իր վարչակազմի արտաքին քաղաքականության նպատակները, միաժամանակ մեղմացնելով պատիժները նրանց համար, ովքեր դա չեն անում:
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԱՅՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» վերնագրված հրամանում ասվում է, որ պետքարտուղարը «պետք է հայրենասերների բացառիկ կազմ պահի»՝ արտաքին քաղաքական նախաձեռնություններին արդյունավետորեն աջակցելու նպատակով: Դա ենթադրում է «դիվանագիտական ծառայության բարեփոխման» հնարավորություն՝ ոչ միայն վերանայելով անձնակազմի կարգացուցակը, այլև ուղեկցող սարքավորումներում փոփոխություններ կատարելով։ Հրամանագիրը պահանջում է վերանայել այն քաղաքականությունն ու ընթացակարգերը, որոնք կարգավորում են Պետքարտուղարության աշխատանքի գրեթե բոլոր տարրերը և արտերկրում ԱՄՆ դիվանագիտական ներկայությունը:
Նման փոփոխություններն, ըստ ամենայնի, Պետքարտուղարությանը հնարավորություն կընձեռեն զրկելու արտասահմանում աշխատող արտաքին ծառայության աշխատակիցներին մի շարք արտոնություններից, մասնավորապես՝ անվտանգության ապահովում և տարեկան վճարովի ուղևորություններն ընտանիքի անդամներին այցելելու համար: Դրանք կարող են ազդել դաշնային աշխատողների ամենօրյա աշխատանքի գրեթե բոլոր տարրերի վրա՝ սկսած գաղտնի տեղեկատվության մշակումից մինչև շահերի բախման կարգավորում, շեշտում է լրատվամիջոցը։
Ծայրահեղության հասցված հրամանը կարող է նաև ճանապարհ հարթել արտերկրում ԱՄՆ դիվանագիտական ներկայության կրճատման համար՝ դրդելով Պետքարտուղարությանն ընդհանրապես վերանայել որոշ երկրներում ԱՄՆ դեսպանատների ներկայությունը: