ՀՀ ԱԱԾ–ն ստացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիմումը. Sputnik Արմենիա

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ստացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիմումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված մեղադրանքների հետ կապված։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ ղեկավարին՝ կապված երեկ Փաշինյանի՝ դաշինքին ուղղված մեղադրանքների հետ։

Փետրվարի 12–ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն մեղադրեց ընդդիմությանը Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը բեմադրելու համար։ Նա նշեց, որ չի զարմանա, երբ պարզվի, որ հենց ընդդիմության շրջանակներից են վճարել Իրանի քաղաքացիներին, տարել, կանգնեցրել, երգել են տվել, նկարել են ու համացանցում տարածել, որ Իրանի հետ հարաբերությունները փչացնեն։

Հիշեցնենք` հունվարի 30-ին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում Ղարաբաղի մասին երգ էին երգում ադրբեջաներեն։ Տեսանյութը բուռն արձագանքի արժանացավ։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն հայտարարեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են։ Տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանը փետրվարի 1-ին ձերբակալվեց, բայց չկալանավորվեց. դատարանը մերժեց միջնորդությունը։

Տեսանյութեր

Լրահոս