![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը և Զելենսկին մանրամասներ են հայտնել իրենց հեռախոսազրույցից
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-YJ3OiyRQcYO4i.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ վերջինս, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «խաղաղություն է ցանկանում»։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։
«Մենք քննարկեցինք պատերազմին առնչվող մի շարք թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրվա (խմբ.՝ փետրվարի 14-ին) հանդիպումը Մյունխենում, ուր մեկնող պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Լիահույս եմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս անհեթեթ պատերազմը, որի ընթացքում տեղի են ունեցել զանգվածային և բոլորովին անհարկի մահ և ավերածություն:
Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին», – հավելել է Թրամփը։Իսկ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Զելենսկին և Թրամփը քննարկել են «խաղաղության հասնելու հնարավորությունները, ինչպես նաև այդ նպատակին հասնելու համար թիմային մակարդակով աշխատելու պատրաստակամությունը»։
ԱՄՆ նախագահն Ուկրաինայի իր պաշտոնակցին նաև հայտնել է ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։ «Ուկրաինայի նախագահը և Միացյալ Նահանգների նախագահը համակարգել են համատեղ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և երաշխավորելու հուսալի և կայուն խաղաղություն. նրանք նաև պայմանավորվել են շարունակել իրենց շփումներն ու հանդիպումները», – գրված է մամուլի հաղորդագրության մեջ։
Զելենսկին իր հերթին Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին կիսվել է իր Telegram ալիքում՝ զրույցը որակելով որպես «շատ առարկայական»։
«Ես երախտապարտ եմ նախագահին նրա անկեղծ հետաքրքրության համար մեր ընդհանուր հնարավորություններով, նրանով, թե ինչպես կարող ենք միասին աշխատել իրական խաղաղությունն ավելի մոտ դարձնելու համար: Դա երկար զրույց էր։ Մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական», – գրել է նա։ Զելենսկիի հետ զրույցից առաջ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ։