![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում նախատեսում են Իգդիրի օդանավակայանը բացել միջազգային չվերթների համար
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/igdir_havalimani_nda_yukselis_devam_ediyor_yolcu_sayisinda_8_artis_8976.jpg)
Թուրքիայում տեղի է ունեցել քննարկում միջազգային մուտքերի և ելքերի համար Իգդիրի Շեհիթ Բյուլենթ Այդըն օդանավակայանը մշտական օդային սահմանային անցակետի վերածելու գործընթացի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի նախագահությամբ նահանգապետարանում կայացած հանդիպմանը մասնակցել են գլխավոր դատախազ Մերիչ Դեդեն, նահանգի ոստիկանապետ Նիյազի Թուրղայը, նահանգի ժանդարմերիայի հրամանատար գնդապետ Նիհաթ Օզքյոքը և այլ կառույցներից ներկայացուցիչներ։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Իգդիրի օդանավակայանում միջազգային չվերթների գործարկման հարցը, ինչպես նաև գործարկման պարագայում դրանք՝ ինչ նպաստ կունենան տարածաշրջանի առևտրի, զբոսաշրջության և տնտեսական զարգացման գործում։
Քննարկվել են նաև անվտանգության, ենթակառուցվածքների և թողունակության շուրջ աշխատանքները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Իգդիրի օդանավակայանը, որը գտնվում է Հայաստանի, Իրանի և Նախիջևանի հետ սահմանին, միջազգային մուտքերի և ելքերի համար ստանալով մշտական օդային սահմանային անցակետի կարգավիճակ, նպատակ ունի իր նպաստն ունենալ տարածաշրջանի զարգացման գործում: