![](/banners/BeFunky-design.jpg)
Բաքուն արձագանքել է Փաշինյանի հոդվածին և Երևանին մեղադրել ռազմական ծախսերն ավելացնելու մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2023/11/hajizade.jpg)
Պաշտոնական Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջերս հրապարակած հոդվածին` նրա հնչեցրած պնդումները որակելով անհիմն և միջազգային հանրությանը ապակողմնորոշող։
«Արմենպրեսում» հրապարակված հոդվածում Փաշինյանը, մասնավորապես, ենթադրել է, որ Ադրբեջանում Հայաստանի անվտանգության դեմ իրական սպառնալիքներ են գեներացվում։ Նա նաև հիշեցրել է, որ Բաքուն դեռ չի արձագանքել սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության և սպառազինությունների վերահսկման Երևանի առաջարկին։
Սակայն Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի ղեկավարության մտահոգություններին առարկայական պատասխանելու փոխարեն Երևանին կրկին մեղադրել է «ռազմականացման» մեջ։ Նա հայտարարել է, որ Հայաստանի ռազմական ծախսերը երեք տարում գրեթե երեք անգամ ավելացել են՝ 2024 թվականին 600 մլն դոլարից հասնելով 1,6 մլրդ դոլարի։ Միևնույն ժամանակ, Այհան Հաջիզադեն «մոռացել» է հիշատակել, որ 2025 թվականին Ադրբեջանի պաշտպանական բյուջեն կկազմի 5 մլրդ դոլար։
Ըստ Հաջիզադեի` Հայաստանն իբր խախտել է նաև 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանի տարածքում ավելի քան 10 հազար զինվորական պահելով (խոսքը ԼՂ նախկին պաշտպանության բանակի մասին է)։
ԱԳՆ ներկայացուցիչը կրկին հիշատակել է ՀՀ Սահմանադրությունը՝ հայտարարելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Բացի այդ, նա մեղադրել է Երևանին Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության բացման գործընթացը ձգձգելու համար՝ պնդելով, որ հայկական կողմը «ոչ էական նախաձեռնություններ է առաջ քաշում»։