![](/banners/BeFunky-design.jpg)
Չեմ կարծում, որ Թրամփը Կանադա ներխուժելու ծրագրեր ունի. Մայք Ուոլց
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/regnum_picture_17373108271356_big.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կիրակի օրը NBC News-ին ասել է, որ չի կարծում, որ նախագահը «Կանադա ներխուժելու որևէ ծրագիր ունի»։
Նրա դիտողությունը հետևել է բազմաթիվ այն հաղորդումներին, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անցյալ շաբաթ գործարար առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը շարունակում է խոսել մեզ կլանելու և 51-րդ նահանգ դարձնելու մասին:
Ուոլցն այս կապակցությամբ հայտարարել է, որ կանադացիներից շատերին «դուր չեն գալիս Թրյուդոյի ազատական, առաջադեմ կառավարման վերջին 10 տարիները»։ «Այն, ինչ դուք իրականում տեսնում եք, արևմտյան կիսագնդում ամերիկյան առաջնորդության վերահաստատումն է՝ Արկտիկայից մինչև Պանամայի ջրանցք», – ասել է Ուոլցը:
«Եվ դա այն է, ինչի մասին մենք խոսում ենք, երբ գտնվում ենք Գրենլանդիայում, երբ խոսում ենք Արկտիկայի անվտանգության, Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողության տակ վերադարձնելու մասին: Ամերիկան չափազանց երկար ժամանակ խուսափում էր սեփական կիսագնդից, որտեղ մենք ունենք էներգիա, պարեն և կարևոր օգտակար հանածոներ, և դուք տեսնում եք նախագահ Թրամփի առաջնորդության հաստատումը»,- ավելացրել է նա:
Երկրորդ ժամկետի երդմնակալությանը նախորդող շաբաթների ընթացքում Թրամփը խոսում էր Գրենլանդիան միացնելու և Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու իր ծրագրերի մասին, ինչի մասին պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես խոսեց անցյալ շաբաթ Պանամա կատարած այցի ժամանակ:
Թրամփը նաև բազմիցս առաջարկել է, իբր, կատակով, որ Կանադան դառնա «ԱՄՆ 51-րդ նահանգը»։