ԱՄՆ վարչակազմի հետ բանակցություններն աննպատակահարմար են և անվայել. Իրանի գերագույն առաջնորդ

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի հետ բանակցությունները ոչ միայն աննպատակահարմար են, այլև՝ անվայել։

Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ նա ընդգծել է, որ նման գործողությունները չեն հանգեցնի հրատապ խնդիրների լուծմանը։

Խամենեին նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները չեն լուծի գոյություն ունեցող խնդիրները, և կոչ է արել մարդկանց չհավատալ այն առասպելին, թե ամերիկացիների հետ բանակցություններին մասնակցելը կօգնի կոնկրետ հարցեր լուծել։

Խամենեին հիշեցրել է բանակցությունները, որոնք հանգեցրել են իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կնքման մասին, շեշտելով, սակայն, որ Միացյալ Նահանգները չի կատարել իր պարտավորությունները, և պատժամիջոցները մնացել են ուժի մեջ։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծել է, որ անհնար է բանակցել մի իշխանության հետ, որը խախտում է պայմանավորվածություններն ու իրեն ոչ ադեկվատ է պահում։ Խամենեին նշել է նաև, որ ԱՄՆ ներկայիս նախագահը խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Տեսանյութեր

Լրահոս