ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթի արտահանման դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվել իրանական Sepehr Energy ընկերության դեմ, որի միջոցով, ինչպես պնդում են, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նավթ է մատակարարում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Պատժամիջոցները կանդրադառնան Չինաստանի, Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև մի քանի լցանավերի գործունեության վրա:
Ըստ ֆինանսների նախարարության՝ Sepehr Energy-ն և նրա մասնաճյուղերը, որոնք գործում են Իրանի Գլխավոր շտաբի միջոցով, «պատժամիջոցներից խուսափելու խաբեբայական եղանակներ են օգտագործում», ներառյալ ծովային փաստաթղթերի կեղծումը, արտասահմանյան գնորդներին, դրանց թվում՝ Չինաստանին վաճառվող նավթի իրանական ծագումը թաքցնելու համար:
Գերատեսչությունը նշում է, որ անօրինական վաճառքը տարեկան միլիարդավոր դոլարներ է բերում Իրանին, որն օգտագործվում է ՀԱՄԱՍ-ի, հութիների և «Հըզբոլլահ»-ի ֆինանսավորման համար: