Ճապոնիայի վարչապետ Իշիբան նախապատրաստվում է Թրամփի հետ առաջին հանդիպմանը
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան ուրբաթ Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ճապոնացի պաշտոնյաներն ասում են, որ ցանկանում են վերահաստատել ԱՄՆ-Ճապոնիա դաշինքը և ամուր անձնական կապեր ստեղծել Իշիբայի և Թրամփի միջև:
Նորություն չէ, որ պաշտոնամուտից ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի թուլացնում ճնշումը Վաշինգտոնին դաշնակից ու գործընկեր պետությունների նկատմամբ, որոնք, իր կարծիքով, շահագործում են Միացյալ Նահանգները:
«Նրանք գալիս են և գողանում են մեր հարստությունը, գողանում են մեր աշխատատեղերը, գողանում են մեր ընկերությունները»,- ասել է Թրամփը:
Վաշինգտոնի կողմից կիրառվող ճնշումը տարատեսակ է՝ Թրամփը սպառնում է մաքսատուրքերով, խոսում է Գրենլանդիան վերցնելու և Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու մասին:
Քանդա համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Հոլի խոսքով՝ ահա, այս համատեքստում է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հանդիպելու Թրամփին, և նման իրավիճակը մտահոգում է շատերին Տոկիոյում:
«Եթե դիտում եք ճապոնական լրատվամիջոցները կամ լսում եք, թե ինչ են ասում ճապոնացիները, նրանք հույս են հայտնում, թե Իշիբան կկարողանա դուրս գալ այդ հանդիպումից՝ առանց Ամերիկայի նոր հարձակման զոհ դառնալու»,- ասում է Հոլը:
Շատերն են հիշում, որ Թրամփի առաջին նախագահության օրոք ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջև առաջացած լարվածությունը մեղմվեց՝ մասամբ նախկին վարչապետ Սինձո Աբեի անձնական դիվանագիտության շնորհիվ:
Բայց նույնը կրկնել դժվար կլինի Իշիբայի համար, որն այլ խառնվածքի տեր մարդ է:
«Նա մի տեսակ ակադեմիական մարդ է: Սիրում է բացատրել տանջալից մանրամասնություններով, ինչը կարող է լավ լինել խորհրդարանական բանավեճի կամ այլ միջավայրում, բայց դա Թրամփի նախընտրած զրույցի ճիշտ հակառակն է»,- հավելում է պրոֆեսորը:
Ճապոնիայում ոմանք հարցնում են, թե ինչու է Իշիբան այժմ որոշել հանդիպել Թրամփին, հնարավոր չէ՞ առժամանակ հեռու մնալ Վաշինգտոնից:
Մյուսների կարծիքով՝ ավելի լավ է լինել նախաձեռնող, որը կարող է օգնել խուսափել ապագա լարվածությունից:
«Ոմանք ասում են «մի արթնացրու քնած երեխային», բայց պետք է ռիսկի դիմել, եթե ուզում եք ավելի լավ հարաբերություններ ունենալ»,- ասում է Վասեդայի համալսարանի պրոֆեսոր Միեկո Նաքաբայաշին:
Ինչևէ, դիտորդների խոսքով, գործ ունենք, ըստ էության, նույն տրամաբանության հետ, որով ԱՄՆ-ն առաջ է շարժվում գրեթե յուրաքանչյուր դաշնակցի պարագայում՝ Թրամփի հայտարարած «Նախևառաջ Ամերիկան» մոտեցման ներքո: