Բաժիններ՝

Պանաման հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ կառավարության նավերը Պանամայի ջրանցքով կանցնեն անվճար

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների կառավարությանը պատկանող նավերն այսուհետ կկարողանան Պանամայի ջրանցքով անցնել անվճար, սակայն Պանաման հերքել է այս լուրերը։

«Միացյալ Նահանգների կառավարության նավերն այժմ կարող են անցնել Պանամայի ջրանցքով առանց վճարի գանձման, ինչը ԱՄՆ իշխանություններին թույլ կտա ամեն տարի խնայել միլիոնավոր դոլար», – գրված է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:

Սակայն Պետքարտուղարության այս հայտարարությունից հետո Պանամայի ջրանցքի վարչակազմը հայտնել է, որ համապատասխան սակագներում փոփոխություններ չի կատարել։ Reuters-ի փոխանցմամբ՝ վարչակազմը միևնույն ժամանակ հայտնել է, որ բաց է ԱՄՆ իշխանությունների հետ քննարկումների համար ռազմանավերի անցման պայմանների վերաբերյալ։

Ըստ Reuters-ի՝ սա կարող է ավելացնել ԱՄՆ-ի և Պանամայի միջև լարվածությունը, քանի որ այս ջրային ուղին հայտնվել է ԱՄՆ նոր վարչակազմի ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Չինաստանը չափազանց մեծ ազդեցություն ունի Պանամայի ջրանցքում, և Պանամային մեղադրել է ամերիկյան նավերից մեծ գումար գանձելու մեջ։

Թրամփը սպառնացել է վերահսկողություն հաստատել ջրանցքի վրա։

Ըստ Պենտագոնի՝ փետրվարի 5-ին Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հրավիրել է այցելել հանրապետություն՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու և «Պանամայի ջրանցքն արտաքին սպառնալիքներից պաշտպանելու» նպատակով։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս