Բաժիններ՝

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Ադրբեջանը փաստեր, ապացույցներ է հավաքում և նախապատրաստական ​​աշխատանքներ է տանում Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ միջազգային դատարան դիմելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ պաշտոնական Բաքուն հստակ ուրվագծել է իր պայմաններն ու պահանջները, որոնք հնչել են ամենաբարձր մակարդակով։

«Ինչպես արդեն նշվել է, Ադրբեջանն ունի ինքնաթիռը խոցած ռուսական «Պանցիր-Ս» հրթիռի բեկորներ։ Ձևավորվում է ապացույցների բազա, հավաքվում են փաստեր և ապացույցներ, նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում միջազգային դատարան դիմելու համար»,-նշված է ադրբեջանական ԱՊԱ գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարցի շուրջ, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում։

«Մոսկվան պետք է բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի, հակառակ դեպքում Բաքուն պատրաստ է հաջորդ քայլերին»,-նշել են լրատվամիջոցները։

Ադրբեջանն ինքնաթիռի վթարի հարցում մեղադրում է Ռուսաստանին՝ պահանջելով պատժել մեղավորներին և փոխհատուցում տրամադրել տուժածներին և նրանց հարազատներին։

Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի հինգ անդամ և 62 ուղևոր, այդ թվում՝ 16-ը ՌԴ քաղաքացի, այդ թվում՝ 11-ամյա աղջիկ, 37-ը Ադրբեջանի քաղաքացի, 6-ը՝ Ղազախստանի և երեքը՝ Ղրղզստանի քաղաքացի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս